Back

Explore every episode of the podcast Երգխոսություն

Dive into the complete episode list for Երգխոսություն. Each episode is cataloged with detailed descriptions, making it easy to find and explore specific topics. Keep track of all episodes from your favorite podcast and never miss a moment of insightful content.

Rows per page:

1–50 of 82

TitlePub. DateDuration
Ինգա Անուշ Արշակյաններ24 mai 202600:36:34

Ինգա և Անուշ Արշակյանների անունը հայկական երաժշտության մեջ կապվում է «էթնո-հեղափոխության» հետ. նրանք առաջիններից էին, որ ֆոլկլորը հանեցին ակադեմիական կաղապարներից ու դարձրին ժամանակակից: Նրանց երգացանկը՝ սկսած ֆոլկ մշակումներից մինչև պետական հանդիսավորության հասնող հայրենասիրական գործեր, ձևավորել է մի ամբողջ սերնդի երաժշտական ինքնագիտակցությունը։

Տևական ստեղծագործական դադարից հետո նրանց վերադարձը միայն նոր նախագծերի մասին չէ, այլ արժեքների վերաիմաստավորման։ Այսօրվա զրույցը հենց այդ «լռության» փուլի, դրանից ծնված հասունության և փոխված իրականության մեջ արվեստագետի նոր դերի մասին է։

Ֆոլկլորի խորությունից մինչև ժամանակակից հարթակներ. Երգխոսությունը Ինգա և Անուշ Արշակյանների հետ է։

Երաժշտության բովանդակությունը17 mai 202600:21:31

Երաժշտությունն ավելին է, քան սոսկ հնչյունների հաջորդականություն. այն պատմություն է, որը սկսվում է լռության մեջ ծնված մի տողից կամ մի մեղեդուց: 

Այս էպիզոդում մենք բացում ենք հայկական երգարվեստի «կուլիսները»՝ հասկանալու համար, թե ինչպես է սովորական ապրումը վերածվում հիթի: Ինչպե՞ս է գտնվում հավասարակշռությունը պարզության և խորիմաստության միջև, և արդյոք ժամանակակից ռիթմերի մեջ դեռ կա տեղ դասական քնարերգության ու թաքնված հաղորդագրությունների համար:

Երգխոսությունը Ավետ Բարսեղյանի և Անիտա Հախվերդյանի հետ է: 

Եվրատեսիլ երգի մրցույթ11 mai 202600:26:44

Եվրատեսիլը միայն երեք րոպեանոց փայլուն ելույթ չէ, այն ամիսների քրտնաջան աշխատանքի, անքուն գիշերների և հաղթաահարված մեծ վախերի արդյունք է։ Այս էպիզոդում մենք խոսում ենք Եվրատեսիլի նախապատրաստական «խոհանոցի» մասին։ Ինչպե՞ս է ընտրվում երգը, որը պետք է ներկայացնի մի ամբողջ ազգ, ի՞նչ փոփոխություններ է կրում բեմական կոնցեպտը վերջին վայրկյանին։ Մենք կխոսենք սպասելիքների, կանխատեսումների և այն զգացմունքային ապրումների մասին, որոնք իրենց ուսերին կրում են մեր ներկայացուցիչները։Մեր հյուրերն են Հայաստանի՝ 2026 թվականի պավիրակ Սիմոնը ևՀայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը:

Երաժշտության ստեղծում04 mai 202600:21:23

Այսօր մենք փորձելու ենք հասկանալ, թե ուր է գնում ժամանակակից երաժշտությունը և ինչպես է տեխնոլոգիան փոխում ստեղծագործողի դիմագիծը։ Արդյո՞ք բավարար է միայն տաղանդը, թե՞ այսօրվա կոմպոզիտորը պետք է լինի նաև հմուտ տեխնիկական վարպետ՝ տիրապետելով թվային գործիքներին ու սինթեզին։

Խոսելու ենք նաև էլեկտրոնային երաժշտության նոր սերնդի և այն հավերժական թվացող կոնֆլիկտի մասին, որը ծնվում է ավանդականի ու նորարարության բախումից։

Երգխոսությունը Էդուարդ Պեշտմալջյանի և Սերգեյ Ումրոյանի հետ է։

Ռոք երաժշտություն27 avr. 202600:27:57

Ինչպե՞ս է հնչում ժամանակակից հայկական ռոքը, երբ այն դուրս է գալիս ստանդարտ կաղապարներից ու փնտրում իր սեփական ձայնը։ Այսօրվա մեր զրույցը նրանց մասին է, ովքեր չեն վախենում փորձարկումներ անել  լեզվի, հնչողության և էմոցիաների հետ։

Այս էպիզոդում մենք բացահայտում ենք Ուրու և Կանգուն խմբերի ներքին աշխարհը։ Խոսել ենք այն մասին, թե ինչպես է ստեղծվում ալտերնատիվ երաժշտությունը Հայաստանում, ինչու է հայերենը հիանալի գործիք ռոքի համար և ինչ ճանապարհ պետք է անցնի արտիստը՝ փորձարարական միջավայրից մեծ բեմեր հասնելու համար։ 

Երգխոսությունը Թամարա Մխիթարյանի՝ «Ուրու» խմբի երգչուհու և Լևոն Երկանյանի՝ «Կանգուն» խմբի կատարողի հետ է։

Երաժշտական համայնքներ21 avr. 202600:43:38

Ինչո՞ւ ենք մենք փնտրում «մերը» երաժշտության մեջ և ինչպե՞ս է ձայնը դառնում պատճառ, որ անծանոթ մարդիկ դառնան համախոհներ։

Արդյո՞ք երաժշտությունը պարզապես զվարճանք է, թե՞ սոցիալական սոսինձ, որը պահում է մշակութային շերտերը։

Երգխոսությունը Մհեր Խաչատրյանի՝
ռադիոհաղորդավար, երաժշտական բլոգեր, և Վահան Ստեփանյանի՝ «Ռամբալկոշե» ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրի հետ է։

2010-ականների փոփը11 avr. 202600:30:23

Այս էպիզոդում մենք հետադարձ հայացք ենք գցում 2000-ականների և 2010-ականների հայկական երաժշտական աշխարհին՝ մի ժամանակաշրջան, երբ ձևավորվում էին մերօրյա էստրադայի հիմքերը։

Մենք քննարկում ենք, թե ինչպես էր այդ տարիներին շուկան թելադրում իր կանոնները՝ առաջնային պլան մղելով մեղեդայնությունը, անկեղծությունը և տեսահոլովակերի նոր մշակույթը։ Դա մի ժամանակ էր, երբ յուրաքանչյուր նոր երգ սպասված իրադարձություն էր, իսկ արտիստի և լսարանի կապը կառուցվում էր տասնամյակներով պահպանվող հիթերի միջոցով։ Մենք վերլուծում ենք, թե ինչու են որոշ երգեր մինչեւ օրս մնում «թրենդային» և հնչում թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին՝ անկախ նրանից, թե որքան է փոխվել երաժշտական նորաձևությունը։

Մեր զրույցի առանցքում այն արտիստներն են, ում ձայնն ու ստեղծագործությունները դարձել են մեր առօրյայի անբաժան մասը՝ թե՛ 20 տարի առաջ, թե՛ այսօր։

Երգխոսությունը Արսեն Գրիգորյանի և Մարի Ավանեսյանի հետ է։

Կինը երգերում07 avr. 202600:21:04

Գարունն արդեն լիարժեք տիրել է քաղաքին, իսկ մեզ մոտ՝ ստուդիայում, տրամադրությունն էլ ավելի ջերմ է։ Կանանց միամսյակը լավագույն առիթն է խոսելու նրանց մասին, ովքեր մեր կյանքին գույն, իմաստ և, իհարկե, անվերջանալի մեղեդիներ են տալիս։Այս էպիզոդում մենք փորձել ենք բացահայտել կնոջ կերպարը հայկական երգարվեստում։ Ինչպե՞ս է փոխվել սիրո լեզուն տարիների ընթացքում, ինչպիսի՞ն է այսօրվա երգերի հերոսուհին։ԵՐԳխոսությունը Արսեն Սաֆարյանի, Արթուր Սաֆարյանը և Էրիկ Կարապետյանի հետ է։

Հայկական էլեկտրոնային երաժշտություն28 mars 202600:20:45

Այսօր Էլեկտրոնային երաժշտությունը դարձել է ինքնաարտահայտման հզոր հարթակ, որտեղ հանդիպում են անցյալի մեղեդային ժառանգությունն ու ապագայի թվային հնչյունները։

Մեր էպիզոդում փորձում ենք հասկանալ, թե ինչպես է հայկական ֆոլկն ու էթնիկ երաժշտությունը վերածվում համաշխարհային մակարդակի էլեկտրոնային գործերի և ինչու է այս ուղղությունը դարձել մեր ժամանակների մշակութային շարժումներից մեկը։

Մենք կքննարկենք, թե ինչպես է հայ արտիստին հաջողվում պահպանել սեփական ինքնությունը համաշխարհային մեծ բեմերում և ինչու է կարևոր տարբերակել որակյալ, բազմաշերտ հնչողությունը պարզունակ ռիթմերից։

Երգխոսությունը DARNO-ի, և Donz-ի հետ է։

Օպերային արվեստ20 mars 202600:20:08

Օպերան արվեստի այն բացառիկ տեսակն է, որտեղ մարդկային ձայնը հասնում է իր գագաթնակետին։ Այս անգամ փորձելու ենք բացահայտել այս բարդ ու ազնվական աշխարհի գաղտնիքները՝ խոսելով ոչ միայն բեմական փայլի, այլև այն հսկայական աշխատանքի, հոգեբանական պատնեշների և տեխնիկական նրբությունների մասին, որոնք թաքնված են յուրաքանչյուր կատարյալ հնչյունի հետևում։Կփորձենք հասկանալ՝ արդյո՞ք օպերան այսօր էլիտար մեկուսացում է, թե՞ այն շարունակում է մնալ մարդկային հույզերի ամենաանկեղծ ու ամենահզոր արտահայտչամիջոցը ժամանակակից աշխարհում։Երգխոսությունը երգչուհիներ Սիլվա Պետրոսյանի և Լուսինե Մակարյանի հետ է։

Ժամանակակից ռոքը 14 mars 202600:21:47

Երբեմն ամենաիրական պատմությունները մնում են մութ էջերում, իսկ ամենաբարձր աղոթքները հնչում են ոչ թե լռության մեջ, այլ կիթառային աղմուկի ու ռիթմի տակ։ Մեր իրականության մեջ, որտեղ երաժշտությունը հաճախ դառնում է ընդամենը հաճելի ֆոն, կան մարդիկ, որոնք ընտրել են ավելի բարդ ճանապարհ՝ խոսելու այն ամենի մասին, ինչը սովորաբար փորձում ենք թաքցնել։ Այս անգամ երգխոսելու ենք ռոքի լեզվով։ Երգխոսությունը Էմ Կալմուխյանի՝ «Սևագիր» խմբի մեներգչի և Վան Հովհաննիսյանի՝ «Վանական» խմբի մեներգչի հետ է։

Ժամանակակից փոփը06 mars 202600:20:25

Մերօրյա երաժշտական իրականության մեջ, երբ ամեն վայրկյան փոխվում են թրենդներն ու ռիթմերը, հեշտ է կորցնել սեփական ձեռագիրը։ Այս էպիզոդում փորձել ենք հասկանալ՝ ի՞նչ է թաքնված ժամանակակից հնչյունների հետևում, և ինչպե՞ս է երիտասարդ ստեղծագործողը գտնում իր տեղը «աղմկոտ» շուկայում՝ պահպանելով անկեղծությունը։

Այս «Երգխոսությունը» Սարեի և Սուսի Հանայի հետ է։

Մենք զրուցել ենք տարբեր թեմաների շուրջ՝ տեքստերի բովանդակությունից ու սիրո ժամանակակից ընկալումից մինչև ռիթմի թելադրանքն ու հանդիսատեսի պահանջները։

Cover կատարումներ27 févr. 202600:19:39

Այսօրվա երաժշտական աշխարհում սահմանները ջնջվում են։ Մենք հաճախ լսում ենք ծանոթ մեղեդիներ, բայց՝ նոր ձայներով։ Ինչո՞ւ են արտիստներն ընտրում քավերների (cover) ճանապարհը. արդյո՞ք դա պարզապես հայտնի երգի վերարտադրություն է, թե՞ հնարավորություն՝ ասելու այն, ինչ բնօրինակում թաքնված էր տողատակերում։

Այս էպիզոդում մենք Երգխոսում ենք քավեր-մշակույթի մասին։ Խոսում ենք ստեղծագործական ազատության, հայերեն և օտարալեզու մշակումների տարբերության և այն մասին, թե ինչպես է երաժշտությունը միավորում պրոֆեսիոնալին ու սիրողականին։

Այս «Երգխոսությունը» Նազիկ Բաղդասարյանի և Միքայել Սարգսյանի հետ է։

Երիտասարդ հեղինակ-կատարողներ19 févr. 202600:24:30

Այսօր մենք խոսելու ենք մի արվեստի մասին, որտեղ հնարավոր չէ ստել, որտեղ չկան բարձրահնչյուն էֆեկտներ կամ շլացնող լույսեր, որոնց հետևում կարելի է թաքնվել։ Սա հեղինակային երգի աշխարհն է՝ բարդային արվեստը, որտեղ մարդը մնում է դեմ առ դեմ իր գիտառի, իր տեքստի և իր խղճի հետ։

Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես է երիտասարդ սերունդը ժամանակակից ռիթմերի մեջ փնտրում և գտնում հոգու խաղաղությունն ու խորքային էմոցիաները։

Այս «ԵՐԳխոսության» հյուրերն են «Երիտասարդ բարդերի ակումբի» անդամներ, հեղինակ-կատարողներ Տիգրան Խաչատրյանը և Գոհար Խաչատրյանը։

Ջազը Երևանում14 févr. 202600:26:29

Տասնամյակներ շարունակ ջազ երաժշտությունը եղել է մեր քաղաքային մշակույթի անբաժան մասը՝ ձևավորելով յուրահատուկ ճաշակ և ազատության զգացում։ Սակայն այսօր ջազը Երևանում ոչ միայն հիշողություն է կամ ավանդույթ, այլ կենդանի, շնչող ու զարգացող օրգանիզմ։

Երգխոսությունն այս անգամ Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանի և Արցախի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Սուչյանի հետ է։

Երգեր՝ ընկերության մասին06 févr. 202600:19:53

Ընկերություն․ Սա այն արժեքն է, որը չունի ժամանակի սահմաններ, բայց ունի հազարավոր երաժշտական երանգներ։ Մենք ուզում ենք հասկանալ՝ ինչպես է փոխվել ընկերության ընկալումը տարբեր սերունդների մոտ և ինչպես են այդ ապրումները վերածվել երգերի, որոնք դարձել են մեր կյանքի անբաժան մասը։

Այս թեմայի շուրջ Երգխոսում ենք երեք տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ, որոնք գրել են  ստեղծագործություններ հենց ընկերության մասին.

  • Արտավազդ Բայաթյան – 90-ականների լեգենդար «Արձագանք» խմբի անդամ, որի «Իմ ընկեր» երգը տասնամյակներ շարունակ մնում է որպես նվիրվածության ու անկեղծության չափանիշ։

  • Րաֆֆի Ալթունյան – Հեղինակ, որի ստեղծած «Ընկեր» երգը (Գրիշա Աղախանյանի կատարմամբ) այսօր դարձել է ամենասիրված հիթերից մեկը՝ միավորելով հազարավոր մարդկանց։

  • Դայանա Սարգսյան – Երիտասարդ հեղինակ, ով Լիլի Առաքելյանի (yellowheart) հետ միասին ստեղծեց «Կանչես ինձ» անկեղծ պատմությունը՝ ներկայացնելով ժամանակակից ընկերության նրբություններն ու հուզական շերտերը։

Խոսելու ենք երաժշտության, հիշողությունների և այն մարդկանց մասին, ում «ընկեր» ենք անվանում։

Երգեր՝ Հայոց բանակի01 févr. 202600:23:11

Բանակը միայն զենքը, համազգեստը կամ պետական սահմանը չէ։ Բանակն այն հավաքական կամքն է, որը ծնվում է յուրաքանչյուրիս ներսում, երբ մենք գիտակցում ենք մեր տունը, մեր հողն ու մեր տեսակը պաշտպանելու սուրբ պարտավորությունը։ Պատմությունը ցույց է տվել, որ պատերազմների ժամանակ և դրանից հետո հենց երգն է դառնում այն լեզուն, որով մենք խոսում ենք մեր ցավի, մեր հպարտության և մեր անմահների հետ։ Իմ հյուրերն են Հակոբ Ռուբինյանը և Դավիթ Ամալյանը։

Կայթ նվագախումբ17 janv. 202600:21:20

Այս էպիզոդում զրուցելու ենք «Կայթ» նվագախմբի ստեղծագործական աշխարհի մասին․ մի նախաձեռնության, որը ժամանակակից լեզվով է խոսում հայկական ավանդական երգերի, ծեսերի և մշակույթի մասին։ Նրանց երաժշտությունը փորձ է ոչ թե պարզապես վերակատարելու հինը, այլ հասկանալու և վերակենդանացնելու այն՝ ժամանակակից զգացողությամբ։

«Կայթն» աշխատում է տարբեր շրջանների ժողովրդական երգերի ու պարային մեղեդիների հետ՝ բացահայտելով դրանց ներքին ռիթմը, շարժումն ու խորքային իմաստը։ Այս գործերում կարևորվում է ոչ միայն հնչողությունը, այլև պատմությունը, ծիսական շերտերը և այն հավաքական հիշողությունը, որը փոխանցվում է երաժշտության միջոցով։

Էպիզոդի հյուրերն են «Կայթ» նվագախմբի անդամներ Կորյուն Դավթյանը և Գրիգոր Դավթյանը։ Նրանց հետ խոսելու ենք իրենց գործունեության, թողարկված ալբոմների, ստեղծագործական մոտեցումների և այն մասին, թե ինչու է այսօր կարևոր ունենալ նման ձևաչափի նախաձեռնություններ, որոնք ապահովում են հայկական ավանդական մշակույթի կենդանի ու արդիական շարունակությունը։

Ամանորն Իմ ռադիոյի հետ02 janv. 202600:22:23

Ամանորն այն բացառիկ տոնն է, որն ունի իր հստակ գույնը, բույրը և, որ ամենակարևորն է՝ ձայնը։ Յուրաքանչյուրիս հիշողության մեջ Ամանորի հրաշքը սկսվում է մի երգից, որը տարիներ շարունակ փոխանցվել է սերնդեսերունդ՝ դառնալով մեր տոնական իրականության անբաժան մասը։ Բայց հրաշքն այն է, որ այդ երաժշտական պատմությունը երբեք կանգ չի առնում. հին ու սիրված մեղեդիների կողքին ծնվում են նորերը, որոնք գալիս են լրացնելու մերօրյա հեքիաթը։


Այսօր մենք խոսելու ենք հենց այդ հրաշքի, երգի ստեղծման խորհրդի և այն ջերմության մասին, որը երաժշտությունը բերում է մեր տուն։


Տոնական «Երգխոսության» հյուրերն են Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը և Լիլի Առաքելյանը՝ Yellowheart-ը։ Մանեն իր հետ բերել է Արթուր Գրիգորյանի թողած անգնահատելի ժառանգությունը՝ և՛ երգերի, և՛ հուշերի տեսքով, ինչպես նաև թատրոնի այսօրվա կախարդական շունչը։ Իսկ Yellowheart-ը կպատմի իր ամանորյա երգերի մասին, որոնք վերջին տարիներին դարձել են հայկական Ամանորի նոր ու ամենասպասված խորհրդանիշներից մեկը։

Նոր տարվա հանդես27 déc. 202500:20:25

Դրսում ձյուն է, թե պարզապես ցուրտ դեկտեմբերյան երեկո՝ էական չէ, որովհետև տարվա այս ժամանակահատվածում բոլորս սկսում ենք ապրել մի տեսակ «սպասման ռեժիմով»։ Սպասում, որտեղ միախառնված են մանդարինի բույրը, տոնական վառվող լույսերն ու այն ներքին համոզմունքը, որ շատ շուտով ինչ-որ լավ բան է պատահելու։

Բայց գիտե՞ք՝ ովքեր են ամենից լավ զգում այս ամենը. մարդիկ, որոնք դեռ չեն հասցրել «մեծանալ» ու հեքիաթը փոխարինել թվերով ու հոգսերով։

Այսօր մենք որոշել ենք Ամանորին նայել հենց նրանց՝ մանուկների աչքերով։ Փորձելու ենք հասկանալ՝ ինչպե՞ս է հնչում հրաշքը։ Արդյո՞ք հնարավոր է մեկ տողով կամ մի նոտայով ստիպել հավատալ Ձմեռ պապիկին, և ինչպե՞ս են ծնվում այն երգերը, որոնք մենք երգում ենք տասնամյակներ շարունակ՝ ամեն անգամ մեզ նորից երեխա զգալով։

Մեր հյուրերը մարդիկ են, ովքեր գիտեն մանկության նոտաները սրտացավ ու անսխալ դասավորելու գաղտնիքը։ Մեզ հետ են «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանը և անսամբլի փոքրիկ կատարողները։

Դոնիկ յար18 déc. 202500:19:49

Այս էպիզոդում անդրադառնում ենք ժողովրդական մի երգի, որն առաջին հայացքից թվում է թեթև ու խաղային, բայց իր մեջ կրում է մի ամբողջ գյուղական աշխարհ՝ հող, պտուղ, աշխատանք, սեր, նշանադրություն և հարսանիքի սպասում։

«Դոն»-ը կենցաղային ու խորհրդանշական շերտ ունեցող պատկեր է՝ տան, բարեկեցության ու կյանքի շարունակության մասին։ Երգը կառուցված է պատկերների շղթայի վրա․ տների հետևում սալորի այգիներ են, թզենիների պարտեզներ, ռեհանով առուներ ու գինով լի կարասներ։ Յուրաքանչյուր պատկեր մի նոր փուլ է՝ ծանոթություն, ընտրություն, նշանադրություն և հարսանիքի պատրաստություն։

Երգի բովանդակության մեջ կարևոր տեղ ունեն նաև հումորն ու ժողովրդական ազատ խոսքը։ Զվարճալի տեսարանները, հատկապես քահանայի մասին պատմող հատվածը, հիշեցնում են, որ ժողովրդական երգը միայն սրբացված կամ հանդիսավոր չէ․ այն նաև կատակ է, սոցիալական դիտարկում ու երբեմն՝ մեղմ ծաղրանք։ Այս ամենը երգին տալիս է կենդանի, շնչող բնույթ՝ թույլ տալով յուրաքանչյուր սերնդի նորովի մոտենալ ու մեկնաբանել այն։

Էպիզոդում քննարկում ենք, թե ինչպես է այս երգը տեղափոխվում ժամանակակից երաժշտական դաշտ՝ պահպանելով իր արմատները, բայց ստանալով նոր հնչողություն։ Ինչպե՞ս կարելի է նույն երգը ներկայացնել տարբեր ոճերով՝ մնալով հավատարիմ նրա պատմությանը, բայց խոսելով այսօրվա լսարանի լեզվով։

Էպիզոդի հյուրերն են «Գաթա բենդ» խմբի գործիքավորող և երգիչ Գարեգին Առաքելյանը, ում տարբերակը մոտ է խմբի ինքնատիպ ստեղծագործական լեզվին, և ֆրանսահայ երգչուհի, երաժիշտ Սևանա Չաքերյանը, ով այս երգին անդրադարձել է դեռևս տարիներ առաջ «Collectif Medz Bazar»-ի շրջանակում, իսկ անցյալ տարի այն ներկայացրել է Afro House ոճով՝ Sammy Flash-ի հետ համագործակցությամբ։

Միասին փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ հին երգը սկսում է ապրել նոր ժամանակի ռիթմով։

Ի նընջմանէդ արքայական/Զարթնիր նազելիս12 déc. 202500:21:22

Պաղտասար Դպիրի «Ի ննջմանեդ արքայական» տաղը ոչ միայն երաժշտական ստեղծագործություն է, այլ ամբողջ մի ժամանակաշրջանի մտածողության, ցավի և արթնացման կոչի արտահայտություն։ Այս էպիզոդում այն դիտարկում ենք ոչ միայն որպես երգ, այլ որպես գաղափար, որպես ուղերձ, որպես մշակութային հիշողության մի հատված։

Խոսելու ենք նաև հայկական տաղերի մշակույթի մասին՝ որտեղից է սկիզբ առել այս ժանրը, ինչպես է այն զարգացել, ինչ դեր է ունեցել մեր միջնադարյան աշխարհիկ մտքի ձևավորման հարցում և ինչու է այսօր կարևոր նորից անդրադառնալ այդ ժառանգությանը։

Փորձելու ենք հասկանալ, թե ինչպես են ժամանակակից երաժիշտները աշխատում նման նյութի հետ, ինչ սահմաններ են անցնում, ինչն են պահպանում և ինչն են փոխում։

Մեր հյուրերն են երաժշտագետ Տաթև Շախկուլյանը, երաժիշտ Արման Փեշտմալջյանը և երգիչ Գևորգ Մագարյանը։


Հին օրեր05 déc. 202500:22:59

Երբ արևելյան հնչյունային մշակույթը հանդիպում է արևմտյան ժամանակակից հնչողությանը, ձևավորվում է երաժշտական տարածք, որտեղ ավանդականը ստանում է նոր ձև, իսկ ժամանակակիցը՝ նոր խորություն։

«Երգխոսության» հյուրերն են Նիդեռլանդներում ստեղծագործող երաժիշտ-երգահան Արանը և քամանչահար Աշ Ղազարը, որոնց համատեղ աշխատանքը միավորում է երաժշտական երկու բևեռ՝ մոդեռն ու ավանդական, սփյուռքյան փորձառությունն ու հայկական երաժշտական ժառանգությունը։

Այս համագործակցությունը առաջարկում է հավասարակշռված մոտեցում՝ ինչպես կարելի է պահպանել ավանդույթի ուժը, բայց այն ներկայացնել նոր ձևով՝ առանց կորցնելու էությունը։

Մութ սարերից01 déc. 202500:20:16

Այս «Երգխոսությունը» բացում է հայ երգարվեստի այն շերտը, որտեղ հեղինակային ստեղծագործությունը շփվում է ժողովրդական մտածողության հետ։ Մենք դիտարկում ենք երգեր, որոնք ունեն հստակ հեղինակ, բայց իրենց կառուցվածքով ու հնչողությամբ միահյուսվում են ավանդական տոնայնությանը, լեզվին կամ ռիթմին։ Ժամանակակից հեղինակները հաճախ առաջարկում են նոր դիտանկյուններ՝ ձևակերպելով այն զգացողությունները, որոնք շրջապատում են մեզ, բայց միշտ չէ, որ ունենք արտահայտելու հարմար բառեր։

Այս թեմայի կենտրոնում է Արթուր Ալեքը՝ երաժիշտ, որի ստեղծագործական ճանապարհը անցնում է ինչպես ավանդական երգի, այնպես էլ նոր հնչողության միջով։ Ալեքը լսարանին հայտնի է «Ծովերում», «Ճյուղերեն», «Ես ու դու» և այլ աշխատանքներով։ Վերջին շրջանում նրա ներկայացրած «Մութ սարերից» երգը առանձնացել է զգացմունքային տեքստով ու մթնոլորտով՝ շոշափելով կորստի, սպասման և անձնական հիշողության թեմաները, որոնք հնչում են շատերի համար նույնքան ժամանակակից, որքան անձնական։

Երգը նոր շերտ է ստացել նաև բեմում։ Բեմադրիչ և դերասան Անդրանիկ Միքայելյանը «Լակոտը» ներկայացման շրջանակում օգտագործել է «Մութ սարերիցը»՝ որպես գործողության առանցք։ Նրա աշխատելաձևը ցույց է տալիս, թե ինչպես կարող է նույն երգը բեմական տարրի մեջ բացել լրիվ այլ իմաստներ, հանդես գալ որպես շարժիչ ուժ ու ամբիոն հուզական շեշտադրումների համար։

Այս էպիզոդում Երգխոսելու ենք Արթուր Ալեքի և Անդրանիկ Միքայելյանի հետ՝ ուսումնասիրելով, թե ինչ ժանրային ու իմաստային ենթաշերտեր է բացում նույն երգը տարբեր միջավայրերում, ինչպես է երաժշտությունը ստանում նոր կյանք բեմում, և ինչու որոշ հեղինակային գործեր դառնում են ժամանակակից մշակույթի ընդհանուր լեզվի մասը։

Խամխամա24 nov. 202500:21:07

«Խամխամա»-ն, կամ, ինչպես շատերին է հայտնի, «Խըմ-խըմա»-ն, ոչ միայն երգ է, այլև ավանդական պարերգ, որի արմատները ձգվում են մինչև պատմական Հայաստանի Վասպուրական նահանգ։ Այն պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի աշխույժ ընտանիքին և իր մեջ կրում է սիրո, հիացմունքի ու երիտասարդական խենթության անմիջական ոգին։ Այս երգը մարմնավորում է այն մշակութային տոկունությունը, որի շնորհիվ Ցեղասպանությունից հետո Վանից Ֆրեզնո հասած գաղթականները պահպանեցին իրենց արմատները՝ փոխանցելով այն սերնդեսերունդ։

Այս Երգխոսությունը լինելու է այն մասին, թե ինչպես կարող է նույն մեղեդին միաժամանակ լինել հին ավանդույթի կրողը և նոր ժամանակների ամենաթրենդային հիթը։
Երգխոսությունը «Կաթիլ» և «Կայթ» խմբերի փողային գործիքների կատարող Գրիգոր Քարտաշյանի և «Արիստոկրատ Օրկեստր»-ի պրոդյուսեր և այս դեպքում՝ նաև կատարող Անդրանիկ Ղազարյանի հետ է։ Նրանք պատմեցնում են խմբերի մոտեցման, հնագույն մեղեդուն միանգամայն նոր կյանք տալու մասին։

Ա՛յ տղա, մեր գեղեցի/Ապարանջան16 nov. 202500:20:39

Թեև Կոմիտասն այս ստեղծագործությունը գրել է իգական երգչախմբի համար, իրականում սա մեկ աղջկա պատմություն է՝ անպատասխան սիրո ու ներքին տանջանքի մասին։ Աղջիկը սիրահարված է իրենց գյուղից մի տղայի․ նա գիտի, որ այդ սերը փոխադարձ չէ, բայց սիրելիից հրաժարվել չի կարողանում։ Արտաքինից ավելի նրան հմայում է տղայի ներաշխարհը՝ այնքան մաքուր, որ աղջիկը նույնիսկ նրա բերանը համեմատում է եկեղեցու հետ։

Երգը համակում է երազով ու հիացմունքով․ աղջիկը պատկերացնում է, թե ինչպես շալ կկապի տղայի գլխին, թել կչափի, նախշեր կկարի, բայց հետո սթափվում է՝ նախատելով նրան, որ այդպես անտարբեր է բոլոր աղջիկների նկատմամբ։ Նրա աչքում տղան կարծես երկնքի թռչուն լինի՝ անհաս, հպարտ, բայց միևնույն ժամանակ՝ ցանկալի։

Այս խորհրդավոր և նուրբ երգի ենթաշերտերի մասին այսօր մեզ հետ զրուցելու է կոմիտասագետ Տաթև Շախկուլյանը․ նա բացահայտելու է այն պատմական, լեզվական և խորհրդանշական շերտերը, որոնք հաճախ մնում են աննկատ։ Արթուր Ալեքը՝ «ՀողԱրթուն» նախագծից, կպատմի այս երգի իրենց մոտեցման մասին՝ ինչպես են այս հին երգը վերգանգնել և ներկայացրել էքսպերիմենտալ ձևով՝ ցույց տալով, թե ինչպես կարող է Կոմիտասի հոգին հնչել նոր ժամանակներում։


Ավերակ09 nov. 202500:20:06

Էլվինա Մակարյանի «Ավերակ»-ը ծնվել է ցավից և դարձել մի ամբողջ զգացմունքային պատմություն։ Երգի խոսքերի հեղինակը Հովհաննես Շիրազն է՝ բանաստեղծ, որը կարողացավ իր անձնական կարոտը վերածել համազգային զգացմունքի։ Նրա տողերում՝ «Դու՝ Երևան, ես՝ մի Անի», սիրո կորուստը խառնվում է հայրենի քաղաքի ցավին և այդ միաձուլմամբ ստեղծել է մի բանաստեղծություն, որը ապրում է բոլոր ժամանակներում։

Այսօր երգը նոր շունչ է ստանում տաղանդավոր երաժիշտների շնորհիվ։ Լիլիթ Մուրադյանն ու Լիլա Հովհաննիսյանը փորձել են պահպանել Էլվինայի թողած էներգետիկան, բայց միաժամանակ բերել են նոր հնչողություն՝ ավելի ժամանակակից, բայց նույնքան խորը։ Նրանց ձայների մեջ հին ցավը նորից է ծնվում՝ ապացուցելով, որ իսկական արվեստը չի ծերանում, այն պարզապես փոխում է ձևը։

Շիրխանի31 oct. 202500:21:52

Հայ ժողովրդական մշակույթում յուրաքանչյուր երգ ունի իր արմատը՝ բխող տեղանքից, պատմությունից կամ ընտանեկան հիշողությունից։ Այդպիսի առանձնահատուկ հնչողությամբ երգերից մեկն էլ «Շիրխանի»-ն է՝ ժողովրդական պարերգ, որը մեզ է հասել տարբեր մեկնաբանություններով և ձևերով։ Վերջին տարիներին այն հաճախ ենք լսում նորաձև տարբերակներով՝ փոխված բովանդակությամբ ու ռիթմով, սակայն երգի իսկական իմաստն ու պատմական ծագումը բոլորովին այլ են։

Երգի տեքստը ներկայացնում է հետաքրքիր սոցիալական պատկեր․ տատը գովաբանում է իր թոռանը՝ նշելով, որ նրա հայրը մեծ վաճառական է («ջոջ բազըրգյան»), մայրը՝ գեղեցիկ ու ազնվական կին («խանըմ զար»), իսկ հորեղբայրը՝ գյուղի քահանան։ Տատը իր բարեմաղթանքներով ուզում է, որ թոռը դառնա «թախտի քոլոզ»՝ ընտանիքի և տան հենարանը։ Երգում օգտագործված պատկերներն ընդգծում են ոչ միայն գեղջկական կենցաղը, այլև այն բարոյական և ընտանեկան արժեքները, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ։

Երգը եզրափակվում է գեղեցիկ փոխաբերությամբ․ տղան անվանվում է «կարմիր արև», որի շողերը պիտի ջերմացնեն աշխարհը։ Այդպիսով՝ «Շիրխանի»-ն ոչ թե պարզապես մանկական խաղերգ է կամ պարերգ, այլ ամբողջական պատում՝ սիրո, հավատքի, ընտանիքի ու արևոտ բարեմաղթանքների մասին։

Այսօրվա մեր հյուրը՝ «Ակունք» ազգագրական համույթի անդամ Արեգնազ Միքայելյանը, կպատմի երգի իրական տարբերակի, դրա պատմական ու մշակութային արմատների մասին։ Ռութլայն խմբի կատարողներ Եվա Աբրահամյանն ու Վահե Միքայելյանը կներկայացնեն իրենց նոր մեկնաբանությունը՝ բացատրելով, թե ինչ մոտեցում են ընտրել՝ պահպանելով մեղեդին, բայց ստեղծելով նոր տրամադրություն և հնչողություն։ Իսկ երգի ժամանակակից, փոփ մեկնաբանության մասին կպատմի Արտակ Հայրապետյանը, որը կկիսվի իր տեսլականով՝ ինչպես են ստեղծվել իր տարբերակի հնչյունային լուծումները և ինչ շեշտադրություն է տվել երգի տրամադրությանը։

Այս էպիզոդը հնարավորություն կտա լսողներին խորանալ «Շիրխանի»-ի՝ թե՛ ավանդական, թե՛ ժամանակակից հնչողության մեջ, հասկանալ երաժշտական և մշակութային շերտերը, որոնք պահպանվել ու փոխվել են ժամանակի ընթացքում։

«Երգխոսություն» փոդքասթը գտեք բոլոր փոդքասթային հարթակներում։ Ձեզ հետ էր Զառա Տոնիկյանը։ Մինչև հաջորդ հանդիպում՝ առայժմ։

Մանրատերև23 oct. 202500:20:53

Այս էպիզոդում Երգխոսում ենք «Մանրատերև» ալբոմի մասին՝ մի նախագիծ, որը դարձել է հայկական ֆոլկլորի և ժամանակակից երաժշտության միաձուլման լավագույն օրինակներից մեկը։

«Մանրատերև»-ը նորովի է ներկայացնում հայկական օրորոցայինները՝ հին մեղեդիների միջոցով փոխանցելով մայրական քնքշանք, մաքրություն և ազգային հիշողություն։ Սա մշակութային նախաձեռնություն է, որի նպատակն է վերակենդանացնել մոռացված հայկական օրորոցայինները և վերադարձնել դրանք մեր առօրյա կյանք։

Ալբոմի հեղինակներն են երգչուհի Անուշիկ Ալավերդյանը և երաժիշտ, պրոդյուսեր Կարեն Մամիկոնյանը, որոնց աշխատանքը վերածվել է խորը, անձնական և միաժամանակ ազգային ստեղծագործության։

Ալբոմում ներառված երգերը ծնունդ են առել հայկական տարբեր բնակավայրերում՝ Սասունից մինչև Գեղարքունիք, Տավուշից մինչև Թալիշ։ Յոթ երգից բաղկացած այս ալբոմը ներկայացնում է Հայաստանի տարբեր շրջանների բնիկ մեղեդիներ՝ յուրաքանչյուրը՝ իր տեղական հնչողությամբ և խոսակցական գույներով։

Ալբոմը առանձնանում է իր մինիմալիստական մոտեցմամբ․ յուրաքանչյուր երգում օգտագործվել է ընդամենը մեկ գործիք, ինչը թույլ է տվել պահպանել օրորոցի մաքրությունն ու անմիջականությունը։

«Մանրատերև»-ը նաև համագործակցության հրաշալի օրինակ է․ նախագծին միացել են հայ ժամանակակից նշանավոր երաժիշտներ՝ օրինակ՝ Արտո Թունջբոյաջյանը, որն իր իմպրովիզացիոն ոճով հաղորդել է ալբոմին տաք հնչողություն, ինչպես նաև «Զագակեր» խումբը, որի մասնակցությամբ ձայնագրված «Օրորոր բալաս» երգը ստացել է գրեթե հրեշտակային երանգ։

Այս համագործակցությունները ցույց են տալիս, որ հայկական օրորոցայինը կարող է նոր կյանք ստանալ՝ առանց կորցնելու իր բնիկ էությունը։

Էպիզոդի հյուրերն են Անուշիկ Ալավերդյանը և Կարեն Մամիկոնյանը, ովքեր պատմում են իրենց ստեղծագործական որոնումների, ալբոմի ծննդի և ֆոլկլորը արդիական դարձնելու իրենց փորձի մասին։

Հալա հալա նինո է16 oct. 202500:20:03

Այս էպիզոդում պատմում ենք «Հալա հալա Նինոյէ» երգի ճանապարհի մասին՝ Դիարբեքիրից մինչև մեր օրերը։ Երգը համարվում է հայկական ժողովրդական երգ, որը փոխանցվել է սերնդեսերունդ՝ պահպանելով տարբեր տարածաշրջանների բարբառների յուրահատկությունները։ Երգը հայտնի է նաև Քեսաբի և Մուսա Լեռան տարբերակներով, սակայն Տիգրանակերտից եկող տարբերակը առանձնանում է իր ավելի կենդանի ռիթմով և ուրախ հնչողությամբ։

Երգը լայնորեն հայտնի է դարձել Օնիկ Դինքջյանի շնորհիվ՝ լեգենդար ամերիկահայ երգիչ, որի նախնիները Տիգրանագետից էին։ Նրա շնորհիվ «Հալա հալա Նինոյէ»-ն պահպանվեց և փոխանցվեց ժամանակակից սերունդներին։ 

2017 թվականին երգը նոր կյանք ստացավ Վիգեն Հովսեփյանի կատարմամբ․ երգը պետք է դառնար նրա նոր ալբոմի գլխավոր ստեղծագործություններից։ Այս տարբերակը ձայնագրվել էր՝ միաժամանակ հարգանքի տուրք լինելով Տիգրանագետի մշակույթին և խորհրդանշելով հայկական ոգու դիմադրությունը ժամանակի ու պատմության փորձություններին։

Այսօր «Հալա հալա Նինոյէ»-ն ունի նաև նոր՝ ժամանակակից մեկնաբանություն․ այն կատարում է Ռութլայն խումբը, որը երգին տվել է արդիական հնչողություն՝ պահպանելով դրա բնիկ ոգին։ Այս տարբերակում լսելի են ժամանակակից գործիքավորում, ռիթմիկ շեշտադրումներ և հնչողության թարմ մոտեցում, որը միավորում է անցյալն ու ներկան։

Էպիզոդի հյուրերն են՝ երգիչ Վիգեն Հովսեփյանը եւ Ռութլայն բենդի անդամներ՝ Անի Սարգսյանն ու  Հարութ Ասատրյանը, որոնք կպատմեն երգի իրենց ընկալման, նոր տարբերակի ստեղծման ու ժողովրդական երաժշտությունը ժամանակակից ձևով ներկայացնելու փորձի մասին։

Խիո խանե09 oct. 202500:21:44

«Խիո խանե» երգը իր ակունքներով գալիս է ժողովրդական երգարվեստից։ Այն ավանդաբար կատարվել է տարբեր միջավայրերում՝ գեղջկական հարսանեկան արարողություններից մինչև համերգային բեմեր։ Տարիների ընթացքում երգը վերապրել է բազմաթիվ մշակումներ․ յուրաքանչյուր կատարող իր գույնն ու հուզական շերտն է ավելացրել, ինչի շնորհիվ այն պահպանում է թե՛ հին ավանդական շունչը, թե՛ ժամանակակից երաժշտական թարմությունը։

Այս էպիզոդում փորձել ենք բացել հենց այդ շերտերը։ Հյուրերն են Տիեզերք խմբի արտիստներ Լուսինեն և Էլիզան, ինչպես նաև երգիչ Ապո Սահակյանը։ Նրանք կպատմեն իրենց կատարումների ու մշակումների մասին, կկիսվեն այն զգացողություններով, որ ունեն երգը ներկայացնելիս, և կխոսեն, թե ինչպես է «Խիո խանե»-ն ապրում ու փոխվում տարբեր բեմերում։

Էպիզոդը ոչ միայն երաժշտական զրույց է, այլև հնարավորություն՝ վերապրելու երգի էմոցիոնալ լիցքը, զգալու, թե ինչպես է այն կապում մեզ մեր արմատների և ժամանակակից հնչողության հետ։

Մոկաց շուկեն26 sept. 202500:21:38

Այս էպիզոդը նվիրված է հայկական ժողովրդական երգերի ամենապարային ու կենսախինդ ստեղծագործություններից մեկին՝ «Մոկաց շուկենին»։


Երգը գալիս է Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Մոկք գավառից և իր անվանումով հիշեցնում է այն շուկան, որը եղել է տեղի կյանքի սիրտը։ Այս երգը պատմում է շուկայի աշխուժության մասին՝ սերնդից սերունդ փոխանցելով ոչ միայն առևտրի ու համայնքային կյանքի, այլև երիտասարդների սիրախաղի, մրցակցություն և կյանքի թեթև ուրախությունների մասին։

Այս էպիզոդում կլսենք երկու տարբեր մոտեցում։ «Միքայել Ոսկանյան ու ընկերներ» խումբը ներկայացրել են համարձակ և ժամանակակից տարբերակ՝ թառի շուրջ կառուցելով ֆանկային ռիթմեր, սաքսոֆոնի ու բասի համադրություն։ 

Միևնույն ժամանակ Գայանե Ավդալյանը «Նուրի» խմբի հետ կատարել է «Մոկաց շուկեն» ավանդական մոտեցմամբ՝ պահպանելով երգի հնագույն գույներն ու վոկալային ինքնատիպությունը։ Նրա մոտեցումը երգը դարձնում է ավելի ավանդական ու հոգևոր, ցույց տալով, թե որքան կենսունակ է այն իր իրական արմատներով։

Կխոսենք ոչ միան  «Մոկաց շուկեն»  երգի մասին, այլև ընդհանրապես ժողովրդական երգերի ճակատագի՝ ինչպես են դրանք պահպանում իրենց ինքնությունը, ինչպես են փոխվում նոր սերունդների ձեռքով և ինչպես են դառնում կամուրջ անցյալի ու ներկայի միջև։


Ամռան գիշեր21 sept. 202500:23:51

«Ամռան գիշերը» ժողովրդական երգարվեստի այն գոհարներից է, որը դարերի խորքից հասել է մեր օրեր։ Այն ծնունդ է առել Շատախի հայության միջավայրում և իր մեղմ ու լուսավոր տրամադրությամբ պատկերում է գյուղական ամառային գիշերվա տեսարան․ աշխատանքային օրվա ավարտից հետո գյուղացիները հավաքվում էին բակում, երգում, պարում, պատմում առասպելներ ու հեքիաթներ։ Երգի քառատողերում աչքի առաջ է գալիս ջահել հարսիկի կերպարը, որի առօրյա աշխատանքը՝ ալյուր մաղելը կամ իլիկ մանելը, վերածվում է սիրո ու հիացմունքի խորհրդանիշի։

Տարիների ընթացքում այս երգը բազմիցս կենդանացել է տարբեր կատարողների ձայնով։ Հայրիկ Մուրադյանի մեկնաբանությունից մինչև ժամանակակից գործիքավորումներ, այն շարունակել է ապրել նոր շնչով։ Լուսինե Եղիազարյանի և Տիգրան Համասայանի կատարումները երգին տվել են նոր ձև ու ներբերանգ՝ հասցնելով այն ոչ միայն հայկական, այլև համաշխարհային ունկնդրին։ Այսպիսով, «Ամռան գիշեր»-ը դարձել է միևնույն ժամանակ և ազգային հիշողության պահապան, և միջազգային հետաքրքրություն առաջացնող ստեղծագործություն։

Այս էպիզոդում իրենց փորձն ու զգացողությունները կկիսեն Նաիրյան վոկալ ասամբլի անդամներ Ելենա Ազարյանն ու Նաիրա Մուղդուսյանը։ Նրանց մեկնաբանությունը առանձնանում է նրանով, որ նրանք իրենց ձայնն են դարձնում գործիք, բազմաձայնելով և համակցելով տարբեր տեմբրեր՝ ստեղծելով յուրահատուկ հնչողություն։ 

Էպիզոդի մյուս հյուրը Ժաննա Դավթյանն է։ Նրա և Արման Փեշտմալջյանի գործիքավորումն ու պրոդյուսերական մոտեցումը երգին հաղորդել են ժամանակակից երանգներ՝ պահելով ավանդականի բուն մթնոլորտը։ Նրանց մեկնաբանությունը ցույց է տալիս, որ ժողովրդական երգը կարող է նորովի հնչել՝ միաժամանակ մնալով նույնքան ջերմ ու հարազատ։

Ով սիրուն սիրուն 17 sept. 202500:24:42

«Երգխոսությունը» այսօր մեր երաժշտական ժառանգության ամենանուրբ և սրտառուչ ստեղծագործություններից մեկի՝ «Ով Սիրուն-սիրուն» երգի մասին է։

Երգի բանաստեղծական հիմքը ստեղծել է բանաստեղծ Լևոն Միրիջանյանը։ Նրա խոսքերը պարզ մեղեդուն տվել են անսահման խորություն՝ ստեղծելով մի հուզիչ պատկեր, որը մինչ այսօր արձագանքում է մեր գիտակցության մեջ։ Միրիջանյանի բանաստեղծությունը պատմում է ոչ թե միայն սիրո, այլ նաև կարոտի և հիշողության մասին։ 

Այս երգը դարձել է մեր մշակույթի անբաժանելի մասը։ Դրան կյանք են տվել բազմաթիվ նշանավոր կատարողներ՝ Արտաշես Ավետյանից, Լոլա Խումյանցից մինչև մեր օրերի հանրահայտ անուններ։

Ռոքի և բլյուզի միախառնմամբ և դրա ուժգնությամբ կլսենք Սուրեն Առուստամյանի մեկնաբանությունը, էստրադային նրբաճաշակությամբ՝ Նիկ Եգիբյանի կատարումը, և ժամանակակից էլեկտրոնային հնչերանգներով՝ Գոռի՝ Գորջըսբիթսի նորարարական տարբերակը։

Բալենի27 juil. 202500:14:46

Բալենին այս երգում այլ է։ Այն այստեղ ոչ թե լռել է հարսի նման, այլ՝ բռնկվել է գարնան ճերմակ խարույկի պես։ Նա այստեղ քնքշություն չէ միայն, այլ կրակ, շունչ, վառ զգացմունքեր։ Երգում Բալենին ծաղկել է ուժով, մարմնով ու ազատ թևածումով։ Նա դարձել է քույր, երազ։ 

Էպիզոդի սիրտն այս երգն է՝ այն բոլոր կանանց շնչով, ում ձայնով հնչել է՝  Զառա Տոնիկյան, Էլվինա Մակարյան, և արդեն մեր օրերում՝ նոր զգայունությամբ՝ Իլոնա Սագիևա։ Երգի ժամանակակից երաժշտական վերապատկերումներից է՝ KAMI FRIENDS-ի և Գարիկ Մարտիրոսյանի կատարումը։ 

Այսօր Իլոնա Սագիևայի և  KAMI FRIENDS նախագծի գործիքավորող Արթուր Արմենի հետ մենք երգխոսում ենք՝ ինչպես է այս բալենին ծաղկում ամեն սերնդի հետ, և ինչու է այս երգը դեռ երազանքների լեզվով խոսում։

Մշո գորանի21 juil. 202500:20:57

«Մշո գորանին»․ կարոտ, հող, ջուր, երաշտ և մարդիկ, հեռացող մարդիկ։ 

Մարդիկ, որոնք գնացել են՝ Մուշից, Ալաշկերտից, բայց երգը մնացել է։ Մնացել է որպես հիշողության ելևեջ, որպես ձայն, որով կանչում ենք ինչ-որ մեկին, ինչ-որ բան, որ այլևս չկա, բայց  հավատում ենք, որ կվերադառնա։

Սա սոսկ հին երգ չէ։ Սա հող է, որի վրայով քայլում են բառերը։ Ամեն տողում մի կորուսյալ գյուղ կա, մի լեռ, մի բերք, մի մարդու պատմություն։ 

«Մշո գորանի»-ն տարբեր ժամանակներում հնչել է տարբեր կերպ՝ տխրությամբ, որպես ձոն, սեր, աղոթք։ Երգել են դուդուկով, երգել են դաշնամուրով, երգել են ռոքի տեմպով։ Բայց ամեն անգամ՝ ներքին լռությամբ, որով փոխանցվում է մի ճշմարտություն՝ սա մերն է։ Սա այն է, ինչից հրաժարվել չենք կարող։

Այսօր այդ երգին նոր շունչ են տվել տարբեր երաժիշտներ՝ յուրովի, բայց զգալով նույն խորությունը։  «Ոստան Հայոց» խմբի կիթառահար Դավիթ Մուշեղյանի, Մաշա Մնջոյանի և «Արրավիս» խմբի դաշնակահար Ավետը Ղլիջյանի հետ ԵՐԳխոսելու ենք Մշո Գորանի երգի մասին։


Ծաղկած բալենի14 juil. 202500:14:07

Ծաղկած բալենին պատկեր է, որն ամփոփվում է հուշի, սպասման, հուզմունքի մեջ։Երգում գարունն է՝ իր բոլոր՝ սիրտ տրոփող զգացմունքներով։ Երգում աղջնակ է՝ իր ներքին լռությամբ, թաքուն դողով, հուզմունքով ու սպասմամբ։ 

Երգը տարիներ շարունակ անցել է սերնդե սերունդ, և ամեն անգամ  լսվել է այնպես, կարծես առաջին անգամն է։ Խաչատուր Ավետիսյանի մեղեդային թևերով հյուսված, Լյուդվիգ Դուրյանի  մեղմությամբ հնչեցրած երգը չի բղավում սիրո մասին, բայց ապրեցնում է այն։

Հարսի նման լուռ կանգնած ծառի պատկերով սկսվում է պատմությունը։ Մենք քայլում ենք դեպի նրա ստվերը՝ կարծես ներս մտնելով մի աշխարհ, որտեղ խոսքերն աննշան են դառնում, երգը՝ շունչ, սրտի թրթիռ։

Երգչուհի Արփին, որի ձայնը բալենու պես մեղմ է, բայց հզոր արմատներով, և Արթուր Արմենի՝ KAMI Friends նախագծի գործիքավորողը, որը նորից բացել է այս երգի շունչը՝ փողային գործիքավորման զուսպ փայլով, Երգխոսելու են այս երգի իրենց մշակման և մասին։


Հայաստան իմ չքնաղ07 juil. 202500:15:19

Երգը, որ մեզ հայտնի է որպես «Հայաստան իմ չքնաղ», ի սկզբանե գրվել էր՝ «Ղարաբաղ իմ չքնաղ» վերնագրով։ Բայց ստեղծումից անմիջապես հետո՝ Ղարաբաղը փոխարինվեց Հայաստանով։

Խաղաղ, բայց կարոտով. այս երգը ծնվել է մի ժամանակ, երբ բառերը միայն բառեր չէին․ դրանք մշակութային և անձնական համարձակության նշաններ էին։

Երգը նոր անուն ստացավ, բայց երբեք չկորցրեց իր սիրտն ու էությունը։ Այն դարձավ շատերի պատանեկության, սպասումների, ուժի ու կարոտի երգը։


Այս էպիզոդում Երգի կատարողներ Գայանե Հովհաննիսյանի, Ռուսլան Էլյազյանի և Խաչիկ Բեկյանի հետ ԵՐԳխոսում ենք այն ամենի մասին, ինչ փաթեթավորված է այս մեղմ մեղեդու տակ՝ երգի անցած ճանապարհը, փոխված բառերը, բեմական հույզերը և սերունդների տարբեր մեկնաբանությունները։

Բինգյոլ30 juin 202500:18:55

Երբ բացվում են գարնան կանաչ դռները, երբ աղբյուրները քնարի պես սկսում են երգել իրենց հնագույն մեղեդին, իսկ սերն ու կարոտը խառնվում են լեռների մեղմ շնչին՝ ծնվում է մի երգ, որը հավերժ կմնա մեր սրտերում՝ «Բինգյոլը»։

Այս երգը ծնվել է ոչ միայն կարոտից, այլևլ մեր ազգի ամենախոր ցավից՝ բաժանումից, հեռացումից ու պանդուխտ լինելու զգացումից, որը յուրաքանչյուր հայի սրտում ապրում է։ Բառերը գրել է Ավետիք Իսահակյանը՝ իր բանաստեղծական հանճարով հուզիչ պատկերներ ստեղծելու վարպետը, իսկ մեղեդին պատկանում է աշուղ Շահենին, ում սազի ձայնը մինչ օրս մեր հոգու խորքում է հնչում։ 

«Բինգյոլ» երգը սրտի պատմություն է սիրո մասին, որը հեռանում է «զուգված ուխտավորների» հետ, թողնելով բանաստեղծին մոլորված, օտար, պանդուխտ։ Նա փնտրում է ճանապարհը դեպի կորցրած սերը, դեպի հայրենի հողը, դեպի իր Բինգյոլը, բայց այդ ճանապարհը՝ ափսոս, այլևս ուղիղ չէ, այլ  ցավալի ու անորոշ ուղի դեպի անհայտ։

Երգչուհի Արփիի և «Առավիս» խմբի բաս կատարող Ավետ Վարդանյանի հետ Երգոխսելու ենք  «Բինգյոլ» երգի մասին՝ դրա տարբեր երաժշտական մեկնաբանությունների, զգացմունքային երանգների ու խորքային տեքստի շուրջ։

Ախ սև աչերով աղջիկ27 juin 202500:15:10

Քանի երգ ենք լսում մեր կյանքի ընթացքում, բայց դրանցից մի քանիսն են այնքան խորն արմատավորվում մեր հոգում, որ տարիներ անց էլ շարունակում են խոսել մեզ հետ, խոսել տարբեր սերունդների հետ նույն երգի տողերով։

«Ախ, սև աչերով աղջիկ»-ը հենց այդպիսի երգերից է՝ բառերի հեղինակ Լյուդվիգ Դուրյան, երաժշտությունը՝ Խաչատուր Ավետիսյան, իսկ առաջին անգամ հնչել է Գեորգի Մինասյանի կատարմամաբ:

Ի՞նչն է այս երգը դարձնում այդքան կենսունակ։  Ինչպե՞ս է այն ճանապարհորդում սերունդների միջով՝ միշտ մնալով կենդանի։ Ինչպե՞ս են տարբեր ժամանակների կատարողները զգում նույն երգի տարբեր շերտերը։

Այս հարցերի պատասխանները փնտրելու ենք մեր հյուրերի հետ՝ Արթուր Հովհաննիսյանի, ով 90-ականներին նոր կյանք տվեց երգին, և Նեմրա խմբի վոկալիստ Վան Եղիազարյանի, ով այն բերեց մեր օրեր՝ ռոքի ուժով ու ժամանակակից զգայունությամբ։

Երկու սերունդ, երկու տարբեր մոտեցում, մեկ երգ։ Այս Երգխոսությունը Սև աչերի և այդ աչերը կրող աղջկա մասին է։ 

Բոբիկ ջուր մի էրա16 juin 202500:15:17

Հրաշքով հյուսված բանավոր ավանդույթ, երգով պատմված կենցաղ, սեր, խանդ ու հումոր։ Այս էպիզոդը ժողովրդական ամենասիրելի խաղերգերից մեկի՝ Բոբիկ ջուր մի էրայի մասին է, որտեղ բառերը խաղում են զգացմունքների, իսկ մեղեդին՝ հիշողության հետ։

Երգը տարիների ընթացքում ունեցել է մի շարք վերամշակումներ ու նոր դրսևորումներ՝ ռեպի, փանկի, ֆոլկի միջոցով հասնելով մեր օրեր։ Դրանցից է նաև «Հայ Ստուդիոյի» խմբի և Դավիթ Միրոյանի տարբերակը։ Երգը, նրանց մոտ, ձեռք է բերել բիթային, ժամանակակից հնչողություն՝ պահպանելով իր արմատային կառուցվածքը։ 

Այս Երգխոսությունը Խմբի անդամներ Սոնա Սիլվերի, Առնի Ռոքի և Հայկ Ապրիկոտայի հետ է։


Քիսմեթ07 juin 202500:18:35

Երբ սիրո ցավը դառնում է երգ, իսկ սպասումը՝ մեղեդի, ծնվում է մի ամբողջ աշխարհ՝ փխրուն, խորաթափանց, անկեղծ։ Եվ հենց այդ աշխարհից է գալիս համշենական «Քիսմեթ»-ը, ղսմաթը, կամ արևելահայերեն տարբերակով՝ հաջողությունը։

Այս երգում սերը չի ճչում, այն երգվում է կամաց, աչքերի լեզվով։ Այստեղ սերը չի խոստանում մեծ բաներ՝ պարզապես ասում է. «Հարսանիքը հետո կանենք…», որովհետև կարևորը՝ հիմա սիրելն է։ Սիրո այս տեսակը համարձակ, անձնվեր ու մի քիչ ցավոտ է։

Հենց այս զգացողություններն են բերում մեզ այսօրվա երկու տարբեր կատարումները՝ մեկը՝ խոնարհ ու հոգեթով, մյուսը՝ հոսող, խաղացող ու ժամանակակից։ Առաջինը՝ Վազգեն սարկավագի կատարումն է։ Վազգենի ձայնային մեկնաբանությունը կարծես մի պատմություն է մարդու մասին, որ սպասում է, սպասում է սիրո, միևնույն ժամանակ գիտի՝ այդ սերը կարող է երբեք էլ չգա, բայց նա չի դադարում սիրել։ Մյուս տարբերակը՝ Էթնո Քալըրս խմբի մեկնաբանությունն է։ Նրանց մոտ «Քիսմեթ»-ը միանգամայն այլ երանգ ունի։ Դա նույն պատմությունն է, բայց մի ուրիշ ժամանակագրությամբ՝ ռիթմով, խաղով։ Այս կատարման մեջ երգը զրկված չէ զգացմունքայնությունից, բայց կրում է ներկայի շունչը։ Այստեղ էլ կա կարոտ, այստեղ էլ կա սեր, բայց սա այն տեսակն է, որ ասում է՝ «արի պտտվենք աշխարհով, երգելով թռվռանք սար ու ձոր»։ Այս տարբերակը կենսախինդ է, կենսատու, հիշեցնում է, որ նույնիսկ ցավը կարող է երգել ու ապրեցնել։ 

Գուցե այս երգի իրական ուժը հենց այս բազմաշերտության մեջ է, որովհետև «Քիսմեթ»-ը ոչ միայն բախտի, այլև սրտի երգ է, սիրտն էլ հազար ձև ունի խոսելու։ Իսկ մենք կերգխոսենք Վազգեն սարկավագի և Էթնո Քալըրս խմբի մենակատար Սուսաննա Նաջարյանի հետ։

Լա բոհեմ02 juin 202500:16:59

Հիշողություններ, սեր, արվեստի ու երիտասարդ խենթության համադրություն։ Շառլ Ազնավուրի «La Bohème»-ը ստեղծագործություն է, որն իր մեջ կրում է մի ամբողջ սերնդի ապրածը, ձգտածն ու կորցրածը։

Ազնավուրը գրել է այս երգը 1965 թվականին՝ ներկայացնելով իր երիտասարդ տարիները՝ սոված, բայց երջանիկ, աղքատ, բայց սիրով ու արվեստով լի։ «La Bohème»-ը ծնվել է բեմի համար, բայց մնացել է ժամանակի թելը բռնած՝ իր պարզ, անկեղծ պատմությամբ՝ մի նկարչի ու իր բնորդուհու սիրո մասին։

«La Bohème»-ը ժամանակի հետ ոչ միայն չմարեց, այլ շարունակեց հնչել՝ նոր ձայներով, նոր բեմերում։ Շառլ Ազնավուրից հետո այս երգը կատարել են բազմաթիվ միջազգային աստղեր՝ յուրաքանչյուրը հաղորդելով իր սրտի հնչերանգը։ Միրեյ Մաթյեն՝ իր նրբագեղությամբ, Փլասիդո Դոմինգոն՝ օպերային հզորությամբ։ Իսկ վերջին տարիներին այն նորովի բացահայտեց ֆրանսիացի երգչուհի Zaz-ը՝ դուդուկի նվագակցությամբ հենց Երևանում՝ խորհրդանշական կերպով վերադարձնելով երգն իր արմատներին։

Հայերեն տարբերակի հեղինակը և առաջին կատարողներից մեկը եղել է Պերճ Թյուրաբյանը՝ զգայուն ու տողատակեր պահած մատուցմամբ, որի ձայնով էլ երգը հայտնի դարձավ հայ լսարանին։ Ավելին՝ հենց Ազնավուրը լսել է թարգմանությունն ու հավանել այն։ 

Տարիներն անցնում են, բոհեմն ու բոհեմական շնչով լցված երգը շարունակում է մնալ ոչ միայն փարիզյան փողոցնորում, այլև բազում ժամանակակից արտիսների երգացանկում։

Այս էպիզոդում երգխոսելու ենք Հայկ Պետրոսյանի և Արմեն Դոլինյանի հետ, որոնք նույնպես նոր կյանք են տվել այս երգին՝ և՛ հայերեն, և՛ ֆրանսերեն տարբերակներով։

«La Bohème»-ը վաղուց դադարել է լինել միայն երգ։ Այն հիշողություն է՝ մի ամբողջ  սերնդի, ցավի, և երազանքների մասին, որ վերածվել է երաժշտության։

Ոչինչ չի մնա27 mai 202500:15:42

Երբեմն ստեղծվում են երգեր, որոք դառնում են ոչ թե պարզապես երաժշտություն, այլ ժամանակի, կարոտի ու ներսից հոսող լռության թարգմանիչ։ Այդպիսի մի երգ է՝ «Ոչինչ չի մնան»։

Այս երգը ծնվել է Վարդան Զադոյանի բառերից, որոնք հնչեցին Հայկոյի զգացմունքային, ցավով ու անկեղծությամբ լի կատարմամբ։ Բայց դա միայն պահ չէր․ այս երգը ապրեց, վերապրեց և շարունակում է  իր ուղին մինչ այսօր։

Ի սկզբանե այն պատմում է կորստի մասին։ Ոչ միայն մարդու կամ սիրո, այլև հավաքական էմոցիաների կորստի, այն պահի մասին, երբ նայում ես շուրջդ ու քո ներսում չես գտնում ոչ մի հենարան՝ բացի հիշողությունից։ Երգը քայլում է ցավի միջով՝ ընդունելով, որ երբեմն, իսկապես, ոչինչ չի մնում։

Բացի սրտի խորքից հնչող բառերից ու երաժշտական մաքրությունից, երգը լայն հանրությանը ծանոթ դարձավ նաև նույնանուն՝ «Ոչինչ չի մնա» ֆիլմի շնորհիվ։ Երաժշտությունը դարձավ ֆիլմի առանցքներից մեկը՝ միախառնվելով հերոսների ապրումների, հարաբերությունների փլուզման ու վերագտնելու փորձերի հետ։ 

Այսօր՝ տարիներ անց, երգը հնչեցում է նոր ձայնով։ Այս էպիզոդում  Վարդան Զադոյանի՝ «Ոչինչ չի մնա» երգի խոսքերի հեղինակի և երգչուհի Կարինա Առուստամյանի հետ կերգխոսենք երգի ծննդի, դրա ճանապարհի, և նոր մեկնաբանության մասին։ Ինչու՞ են որոշ երգեր շարունակում ապրել, փոխվել, նորովի բաբախել՝ առանց կորցնելու իրենց էությունը։

Զուրփիջինէ ախչքէնին19 mai 202500:15:03

Զուրփիչինէի աղջիկները կարմիր գուլպա են հագնում, մեզ տեսնելուն պես՝ փախչում անտառն ի վերև։ Բայց այդ փախուստը վախի նշան չէ, այլ խաղ, պար, աննկատ ժպիտ։ Այդ շարժման մեջ թաքնված է մի ամբողջ աշխարհ՝ լեզու, որով քչերն են  խոսում, երգ, որը քչերն են հիշում, և զգացում, որն անընդհատ փնտրում է նոր ձայն։

«Զուրփիչինէ Ախչքէնին» երգը ծնվել է Սևծովյան լեռներում։ Այս երգը գրի առնված չի եղել, չի ունեցել հեղինակի ստորագրություն, փոխարենը այն շարունակել է ապրել՝ մոր հուշերից որդուն, հարսանեկան պարից՝ քարքարոտ արահետ։ 

Եվ երբ թվում էր, թե այդ մեղեդին կփակի իր վերջին ակորդը անցյալում, հայտնվեցին մարդիկ, որոնք որոշեցին ոչ թե վերարտադրել, այլ վերապրեցնել երգը։ Եվ հենց այդ վերապրումից են ծնվում նոր տարբերակները՝ մեկում՝ ռոքային ռիթմի մեջ հզոր վոկալով, մյուսում՝ ֆրանսիական հնչյունների շնչով։ Այդ տարբերակները ոչ թե փոխարինում են հինը, այլ ընդլայնում են դրա տարածքը՝ դարձնելով այն հասանելի նոր լսողներին։

Այս Երգխոսությունը Սևադա Համբարչյանի՝ «Կաթիլ» խմբի մենակատարի և Գոռ Թադևոսյանի՝ «Ջինջ» խմբի համահեղինակի  հետ է։ 

Մենք կխոսենք ոչ միայն «Զուրփիչինէ Ախչքէնին» երգի մասին, այլև՝ այն տարածության, հիշողության ու զգացողության, որը ծավալվում է այդ երգի մեջ։ Ինչպես է հնարավոր հնին տալ նոր երանգ՝ առանց խզելու կապը արմատի հետ։ Ինչու են համշենական երգերն այսօր էլ ավելի արդիական դառնում, և ինչպես է կարմիր գուլպայի մասին հին մեղեդին դառնում նոր հաղորդագրություն։

Ախ տնավեր06 mai 202500:15:51

Պահպանված այս տարբերակը՝ Ավագ Սահակյանի, Արագածոտնի մարզ, գյուղ Ներքին Բազմաբերդ

Երբ երգը ծնվում է հողի վրա՝ ոչ թե բեմի, այլ դաշտի, ոչ թե ստուդիայի, այլ ճախրանքում, այն այլ բան է պատմում իր լսողին։ Դրանք այն երգերն են, որոնք գրչով չեն գրվել, այլ՝ հիշողությամբ, հնչել են՝ առանց ձայնային էֆեկտների, բայց ուժով, խորությամբ, ցավով ու հույսով։ Այդ երգերը «հողին կպած» են՝ բառի ամենախոր իմաստով։

Այս էպիզոդում խոսում ենք հենց այդպիսի երգերից մեկի՝ «Ախ տնավեր»-ի մասին։ Երգ, որ միաժամանակ անձնական է և հավաքական, հայրենասիրական ու անձի տրտմանքի մասին, կարոտի, սպասման ու կորստի։ Մենք փորձելու ենք բացահայտել՝ ինչու է այս երգը այսօր նորից մեզ գտել, ինչու ենք ուզում այն կրկին երգել ու լսել, ու ինչու է կարևոր՝ չմոռանալ այս մեղեդիները։

Սաղսարա նախագծի հեղինակները շրջել են գյուղից գյուղ, դռնեդուռ՝ հավաքագրելով հին հայկական ժողովրդական երգեր։ Նրանք ձայնագրել են մարդկանց, ում հիշողությունը ավելի հարուստ է, քան ցանկացած արխիվ և հատոր։ 

Նրանց շնորհիվ այնպիսի երգեր, ինչպիսին «Ախ տնավեր»-ն է, նորից հնչում են՝ վավերագրական ճշգրտությամբ, բայց նաև արվեստի կենդանի շնչով։

Այս երգխոսությունը Սաղսարա նախագծի պրոդիուսեր Անուշ Քոչարյանի և երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ է։

Հով արեք, սարեր ջան29 avr. 202500:18:55

Բնության շունչը, կարոտի նուրբ թրթիռը, սարերով դարդերին դարման գտնելը և հոգու խոնարհ սպասումը՝ մի երգի մեջ։

«Հով արեք, սարեր ջան» ստեղծագործությունը հայ երաժշտական ժառանգության մեջ առանձնանում է որպես առաջին գեղջկական երգերից մեկը, որը գրի է առել Կոմիտասը։ Երգը մարդու և բնության ներհյուսված պատմություն է՝ քամու պես մեղմ և ազատ։

Այս երգխոսությունը մեզ տանում է սարեր, որ հով անեն, մեր դարդին դարման անեն։

 «Կամար» երգչախմբի խմբավար Անահիտ Պապայանը պատմում է Մակար Եկմալյանի մշակման մասին։ Ինչպես են հնագույն մեղեդիներն այսօր վերապրում նոր ձայների բազմաձայնությամբ, և ինչու է այս երգը շարունակում  գրավել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների սրտերը։ Էթերի Հովհաննիսյանը՝ նորաստեղծ «Կարա լինի» խմբի քանոնահարն ու երգչուհին, իր խմբի հետ ներկայացրել է այս երգի միաձուլումը ժամանակակից երաժշտության հետ։ Ինչպես են համադրվում հազարամյակների մեղեդիները և մերօրյա ռիթմերը, ու արդյո՞ք սա երգի իրական տարբերակի կորուստ է, թե՝ բացահայտում նոր սերնդի համար։ Քամանչահար Աշ Ղազարը  «Հով արեք, սարեր ջան»-ը կատարել է իմպրովիզացիոն լայվ ձևով՝ բացահայտելով մարդու և բնության աշխարհը երգի միջոցով։ 

Երգի բառերն ինքնին պատկերասրահ են, որում լեռները, քամին ու սրտի խռովքը խառնվում են իրար՝ ստեղծելով անջնջելի պատկերներ։ Այս Էպիզոդում կպատմենք  ոչ միայն երգի պատմությունը, այլև նրա ներկան․ ինչպես ենք մենք այսօր լսում ու հասկանում այն, ինչպես են երգը կատարել գյուղական լեռնահովտում՝ դարեր առաջ, արդյո՞ք այս երգը դեռ կարող է դառնալ մեր ներքին երգխոսության մի մասնիկ։

Գարուն ա22 avr. 202500:16:24

Ամեն անգամ երբ հնչում է «Գարուն ա» երգը, ինչ-որ բան սրտում շարժվում է. կարծես մեղեդին ոչ միայն երգ է, այլ հիշողություն, որով անցյալն ու ներկան հանդիպում են առանց բառերի։ 

Այս երգը շատերի համար վաղուց արդեն սոսկ երաժշտություն չէ։ Այն ասոցացվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրերի հետ, թախծի, լռության ու հոգու խռովքի հետ։ Սակայն երգը՝ Կոմիտասի գրառմամբ ու մշակմամբ, իրականում սիրային  է՝ գարնան, սիրո, սպասման ու քնքշանքի մասին։ Գարունն այստեղ պարզապես եղանակ լինելուց զատ դառնում է հոգեվիճակ ՝ զարթոնքի, ապրելու ու սիրելու խորհրդանիշ։

Եվ հենց այս բազմաշերտության վրա էլ կառուցվում է մեր երգխոսությունը։

Կոմիտասագետ  Տաթևիկ Շախկուլյանը բացահայտում է, թե  ինչպես է Կոմիտասը այս երգով  միավորել իր հոգևոր և գիտական որոնումները։ Երգի ժամանակակից կատարումներն արդեն վաղուց դուրս են եկել ակադեմիական սահմաններից։ Արթուր Աթայանը՝ Ցայգ խմբի ղեկավարը, պատմում է՝ ինչու որոշեցին երգին հաղորդել նոր շունչ, ինչու չեն վախեցել էլեկտրոնային ու ռոք տարրերից, ու ինչպես են պահել երգի ամբողջական մեղեդին՝ չխախտելով դրա էությունը։ Իսկ Հայկ Դարբինյանի պատմությունը բոլորովին այլ է։ Նա պրոֆեսիոնալ երգիչ չէ, և հենց այդ պատճառով էլ նրա կատարումը զարմանալի անկեղծություն է կրում։ Նրա համար «Գարուն ա»‐ն կապված է անձնական հուշերի, սիրո,ներքին խաղաղության հետ։ 

Ու այս զրույցը՝ Տաթևիկի, Արթուրի ու Հայկի հետ,ևս մեկ անգամ կհամոզի բոլորիս, որ «Գարուն ա»‐ն երբեք նույնը չէ։ Ամեն անգամ այն ուրիշ գարուն է, ուրիշ սեր, ուրիշ հույզ։ 

էս գիշեր, աշնան գիշեր15 avr. 202500:14:51

Այս երգը, անցնելով սերնդեսերունդ, հասել է նաև մեզ։ Չնայած տարբեր խմբերի ու կատարողների վերամշակած տարբերակներին, մի բան մնում է անփոփոխ՝ երգի հայկական շունչը։ Ինչպես շատ այլ ժողովրդական երգեր, սա ևս չի կորում ժամանակի, նոր մոտեցումների ու տեխնոլոգիաների մեջ, քանի որ շարունակում է խոսել մեր ազգային արմատների մասին։ 

Այսօր կքննարկենք, թե ինչպես է այս երգը մինչ այսօր հետաքրքրում երաժիշտներին ու ինչպես են նրանք այն տեղափոխում ներկա ժամանակներ՝ չկորցնելով դրա ազգային շունչը։

«Էս գիշեր, աշնան գիշեր»–ի մասին երգխոսում ենք Կաթիլ խմբի թմբկահար Գրիգոր Դավթյանի և Շուշիկի բենդի երգչուհի Թամարա Աթանեսյանի հետ։ 

Նրանք կպատմեն իրենց բենդերի մոտեցումների, այս երգի հետ կապվածության ու դրանց նշանակության  մասին։ 

Կիլիկիա07 avr. 202500:22:52

Յուրաքանչյուր ժողովրդի հոգևոր ժառանգության մեջ կան երգեր, որոնք դարերի միջով անցնելով՝ մնում են նույնքան արժեքավոր, որքան ստեղծման պահին: Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա» երգը հենց այդպիսի ստեղծագործություն է, որ 19-րդ դարից մինչև այսօր շարունակում է խորը հուզել հայի սիրտը: 

Երգը անբաժան կարոտի, կորստի, բայց և անկոտրում հոգու պատմությունն է: Կիլիկիան միայն երբեմնի աշխարհագրական տարածք չի եղել, այն եղել է մի մոլորված դրախտ, որին ձգտել են հայոց սերունդները, մի տարածություն, որտեղ ձևավորվել է հայկական մշակույթը, պետականությունը, կյանքը: 

Հենց այս երազային, բայց ցավոտ զգացմունքն է, որ դարձնում է «Կիլիկիա»-ն ոչ միայն երգ, այլև հուշարձան՝ հայ երաժշտական մշակույթում: Յուրաքանչյուր կատարող դրան տվել է իր յուրահատուկ շունչը, ձևավորելով նոր դարաշրջան «Կիլիկիա»-ի համար:

90-ականների վերջերին Զարուհի Բաբայանի կատարմամբ երգը ստացավ հոգեպարար, աղոթքի նմանվող նրբություն, մինչդեռ Արա Գևորգյանի մշակմամբ այն վերափոխվեց էպիկական, սիմֆոնիկ ստեղծագործություն՝ հագեցած նվագախմբային հնչողությամբ: The Beautified Project-ի ռոքային մոտեցումը երգին հաղորդեց նոր ուժ ու ժամանակակից զգացողություն: 

Այս Երգխոսությունը Զարուհի Բաբայանի, Արա Գևորգյանի և The Beautified Project-ի հիմնադիր Անդրե Սիմոնյանի հետ է, հասկանալու ենք, թե ինչպես են նրանք յուրովի մեկնաբանել այս ստեղծագործությունն ու ինչու է այն մինչ այսօր պահպանում իր տեղը յուրաքանչյուր հայի հոգում:

© My Podcast Data · Independent project · Data from Apple & Spotify